Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Տե՛ր, ավելացրու մեր հավատը»

«Տե՛ր, ավելացրու մեր հավատը»
18.11.2014 | 11:47

Մարկոս Ավետարանչի 2-րդ գլխի 1-12 համարներում պատմվում է Հիսուսի հերթական հրաշքներից մեկի մասին, որը կոչվում է անդամալույծի բժշկությունը: Նա պատմում է, թե Հիսուսը Կափառնայում քաղաքում մի տան մեջ քարոզում էր և զանազան բժշկություններ էր կատարում: Շատ ժողովուրդ էր հավաքված. թե՛ տան ներսում, թե՛ դրսում «շարժվելու տեղ չկար», և ինչպես այսպիսի ժամանակ ասում են, նման դեպքերում ուղղակի որևէ մեկի համար ներս մտնելն անկարելի էր: Այնտեղ կար մի անդամալույծ, որին չորս հոգով էին բերել, սակայն ներս մտնելու հնարավորություն չլինելու պատճառով, նրանք բարձրանում են տանիքը, բացում առաստաղն ու հիվանդին իջեցնում են ուղիղ Հիսուսի մոտ:
Ավետարանի խոսքերն են. «Եվ Հիսուս, տեսնելով նրանց հավատը, անդամալույծին ասում է. «Որդյա՛կ, քո մեղքերը քեզ ներված են»: Զարմանալիորեն մեր Տերը հիվանդին չհարցրեց, թե նա հավատո՞ւմ է, որ Ինքը կարող է նրան բուժել, ինչպես արեց կույրերի, կաղերի, գոսացածների, բորոտների բժշկության պարագայում: Ինչո՞ւ, որովհետև տեսավ հիվանդի ու նրան բերողների խոր հավատը: Բայց քանի որ նաև գիտեր, թե նա ինչու է անդամալույծ դարձել, նախ ուզեց նրա մեղքերին թողություն տալ, ապա բուժել: Դրա համար ասաց. «Որդյա՛կ, քո մեղքերը քեզ ներված են»:
Այնտեղ գտնվող փարիսեցիները, դպիրներն ու օրենսգետները բժշկության հրաշքներ շատ էին տեսել, բայց մեղքերին թողություն տալու նմանատիպ օրինակի չէին հանդիպել: ՈՒստի, իրենց մտքում մի տեսակ փոթորիկ է առաջանում, ու զարմացած իրենք իրենց հարց են տալիս. «Այս ի՞նչ է խոսում, սա հայհոյում է, ո՞վ կարող է մեղքերին թողություն տալ, եթե ոչ՝ միայն Աստված»: Հիսուս անմիջապես կարդում է նրանց միտքն ու հասկանում, թե ինչ են մտածում ու նրանց աչքերի մեջ նայելով ասում է. «Ինչո՞ւ ձեր մտքում այդ եք խորհում, ո՞րն է ավելի հեշտ, անդամալույծին ասել՝ քո մեղքերը ներվա՞ծ են, թե՞ ասել՝ վեր կաց, առ մահիճդ և գնա քո տունը: Բայց, որպեսզի իմանաք, որ մարդու Որդին երկրի վրա իշխանություն ունի ներելու մեղքերը,- անդամալույծին ասաց,- քեզ եմ ասում, վեր կաց, առ քո մահիճը և գնա՛ քո տունը»:
Հիսուսի հրամայելն ու անդամալույծի վեր կենալը մեկ է լինում: Նոր ոտքի կանգնող մանուկի նման, անդամալույծը կամաց-կամաց փորձում է կանգնել և զգալով ուժ իր սրունքներում, բարձրանում է և ուրախ, զվարթ, հոգով մաքրված ու մարմնով բժշկված, դուրս է գալիս դռնից և տուն գնում: Թե ներսում եղող ժողովուրդը և թե դրսում հավաքված բազմությունը զարմանքով ականատես են լինում այս հրաշքին ու սկսում ամենուրեք պատմել այս մասին: Մարկոս Ավետարանիչը եզրափակում է այս խոսքերով. «Եվ վեր կացավ (խոսքը անդամալույծի մասին է-հեղ.) ու անմիջապես վերցնելով մահիճը՝ բոլորի առաջ դուրս ելավ, այնպես որ ամենքը զարմացան և փառք էին տալիս Աստծուն ու ասում. «Այսպիսի բան երբեք չեն տեսել»:
Ահա ձեզ Մարկոս Ավետարանչի վկայությունը Հիսուսի հրաշքներից մեկի մասին:
Հավատն այնքան ուժեղ է, որ դրան հավատացողները կարող են պատճառ հանդիսանալ, որ փրկվեն ուրիշները: Այդպիսի մի դեպք էր նաև այս պատմությունը, երբ չորս հոգի հիվանդին տարան Հիսուսի մոտ: Մարդիկ, որոնք իրապես խոր հավատ ունեին, և նրանց շնորհիվ անդամալույծը Հիսուսի միջոցով ոչ միայն մեղքերից մաքրվեց, այլև բուժվեց: Անդամալույծի հիվանդ մարմնի հետ հիվանդ էր մանավանդ նրա հոգին: Եվ մի կարծեք, որ երբ ասում ենք` անդամալույծը հավատացյալ չէր, անտեղի մեղադրում ենք նրան: Արդեն իսկ Ավետարանն էլ վկայում է այս մասին. «Եվ Հիսուս, տեսնելով նրանց հավատը, անդամալույծին ասաց. «Որդյա՛կ, քո մեղքերը քեզ ներված են»: Անդամալույծին տանողները հավատում էին, և նա վայելեց բուժումը:
4-րդ դարի Ընդհանրական քրիստոնեական եկեղեցու նշանավոր հայրերից սուրբ Կյուրեղ Երուսաղեմացին հետևյալ խրատականն է տալիս մեզ. «Երկյուղածությամբ պահեք դրանք (խոսքը ավանդությունների ու մեր հավատի մասին է): Չլինի թե թշնամին կարողանա թուլացածներից ոմանց մոլորեցնել: Չլինի թե որևէ հերետիկոս աղավաղի որևէ բան այն ամենից, ինչ այստեղ ավանդում ենք ձեզ: Քանզի հավատը նման է դրամատուն դրված արծաթի, ինչը մենք այժմ կատարեցինք: Աստված մեզնից հաշիվ կպահանջի այդ պահը չօգտագործելու համար:
…Այժմ քեզ հանձնվեց կյանքի գանձը, և Տերը, երբ հայտնվի, քեզնից պիտի պահանջի ավանդվածը: Ինչ-որ մի որոշ ժամանակ այն բոլորին կբացահայտի արքաների Արքան և Տերերի Տերը: Անմահության միակ տերը: Նա, Ով բնակվում է անմատչելի լույսի մեջ, Նա, ՈՒմ ոչ մի մարդ չի տեսել և տեսնել չի կարող» (Սուրբ Կյուրեղ Երուսաղեմացի, «Կոչումն Ընծայության», էջ 81-82):
Այդ օրերից անցել է ավելի քան հազար վեց հարյուր տարի, բայց սուրբ Կյուրեղ Երուսաղեմացու այս խրատականն այսօր էլ չի կորցրել իր ուժը: Մեզ մնում է հետևել այդ խրատներին և ամուր պահել մեզ մեր հայրերի ավանդած հավիտենականության զենքերը՝ ճշմարիտ հավատը, մեր ավանդություններն ու մեր մայրենի քաղցրիկ լեզուն: Ամեն:

Տեր Հովսեփ Ա. քահանա
ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2305

Մեկնաբանություններ